Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հասկացել, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի սահմանափակվում նախկին իշխանության ներկայացուցիչներին բանտերում պահելով կամ քրեական գործեր հարուցելով։ Այսօր նա հեռավոր ԱՄՆ-ում ամերիկահայերի առաջ, որոնց համար անգամ հայերեն բառերով մուղամներեն են ընկալվում հայրենասիրության գագաթնակետ, խոսել է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին բանտարկելու, հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասին ու արժանացել վերջիններիս «դըմփ-դըմփ հու-հային»։
Իսկ Հայաստանում ապրող քաղաքացին զարմանում է, թե, օրինակ, ինչ տվեց իրեն այս կամ այն նախկին պաշտոնյայի ձերբակալումը։ Իհարկե, ոմանց դեպքում դա հոգեկան բավարարվածություն է և «յուղ»՝ սրտին։ Այսինքն՝ ընդամենը հոգեկան վիճա՞կ։ Մարդիկ «հեղափոխություն» են արել, որ իրենց կյանքը լավացնե՞ն, թե՞ ոմանց սրտերին «հովություն» բերեն։ Շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական կյանքում ի՞նչ է փոխվել, տնտեսության տեմպերն ինչպիսի՞ն են, ներդրումներ ինչու՞ չեն գալիս։
Անշուշտ, այս ամենը քիչ է հետաքրքիր ԱՄՆ-ում տաքուկ նստած հայերին, որոնք հայրենիքը հեռվից կսիրեն՝ չխորշելով ամեն օր վիրտուալ հարթությունում հայասատանցիներին դասեր տալ, թե ինչպես պիտի ապրել։ Իսկ Փաշինյանը հաճույքով վայելում է արդեն Հայաստանում չունեցող այն ոգևորության ալիքը, որ կա ամերիկյան հանրահավաքներում։ Այնտեղ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգացել, թե մեկուկես տարին ինչ է փոխել կամ ընդհանրապես որևէ դրական բան փոխել է, թե՞ ոչ։
Ստացվում է՝ ներքուստ մշտապես ընդդիմադիր էությունը չկորցրած Փաշինյանին Հայաստանում պակասում էր հանրահավաքային տրամադրությունները, պոպուլիստական հայտարարությունների հանդեպ նախկին հավատը, և նա որոշեց այսքան ճանապարհ կտրել և «համերգային շրջագայություններ» անել ԱՄՆ-ի հայաբնակ խոշոր քաղաքներում։ Ի՞նչ անենք, որ դա հարկատուներիս վրա արժեցավ հարյուր վաթսունից ավելի միլիոն դրամներ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ